Մատթեոս 11։1-30

11  Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու:  Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց:  Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշին սպասենք:  Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք:  Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.  Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ:  Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած:  Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են:  Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին: 10  Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ: 11  Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է: 12  Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան: 13  Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան: 14  Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր: 15  Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ: 16  Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են, 17  Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չ’եկաք. մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չ’արիք: 18  Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. եւ ասում են, Դեւ կայ նորանում. 19  Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը: 20  Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին: 21  Վայ քեզ, Քորազին. վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին: 22  Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ ձեզ: 23  Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կ’ցածանաս. որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կ’մնային: 24  Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը, քան թէ քեզ: 25  Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր: 26  Այո, ով Հայր. որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին: 27  Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. եւ ում որ Որդին կամենայ յայտնել: 28  Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ: 29  Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք: 30  Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ:

Ծանոթագրություններ