Մատթեոս 13։1-58
13 Այն օրը Յիսուսը տանից դուրս գալով ծովի եզերքումը նստեց:
2 Եւ շատ ժողովուրդներ նորա մօտ ժողովուեցան, մինչեւ որ նա նաւը մտաւ նստեց. եւ բոլոր ժողովուրդը ծովեզրին կանգնել էր:
3 Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով,
4 Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց:
5 Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չ’կար, եւ շուտով բուսան՝ խոր հող չ’ունենալու պատճառովը:
6 Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան:
7 Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց:
8 Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն:
9 Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ:
10 Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ի՞նչու առակներով ես խօսում նորանց հետ:
11 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած:
12 Որովհետեւ ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ. եւ ով որ չ’ունի, ունեցածն էլ կ’առնուի նորանից:
13 Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում:
14 Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէությունն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ:
15 Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, մի գուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան , եւ ես նորանց բժշկեմ:
16 Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են:
17 Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չ’տեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չ’լսեցին:
18 Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը:
19 Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. սա է ճանապարհի մօտ սերմածը:
20 Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան:
21 Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է:
22 Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում:
23 Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն:
24 Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց:
25 Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց:
26 Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան:
27 Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չ’սերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները:
28 Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ: Ծառաներն էլ ասեցին նորան. հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք:
29 Նա էլ ասեց, Ոչ. մի գուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք:
30 Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կ’ասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ:
31 Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց.
32 Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կ’աճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում:
33 Մի ուրիշ առակ խօսեց նորանց. Երկնքի արքայութիւնը նման է խմորի՝ որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ:
34 Այս բոլորը Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ,
35 Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կ’բանամ իմ բերանը, եւ դուրս կ’բղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները:
36 Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդներին թողելով եկաւ տուն, եւ նորա աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը:
37 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է:
38 Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. եւ որոմները չարի որդիքն են։
39 Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են:
40 Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը:
41 Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.
42 Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը:
43 Այն ժամանակ արդարները կ’ծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ: Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ:
44 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում:
45 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում.
46 Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան:
47 Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է.
48 Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին:
49 Այսպես կ’լինի աշխարհքի վերջումը. հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից.
50 Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը:
51 Յիսուսը ասեց նորանց. Իմացա՞ք այդ բոլորը: Ասեցին նորան. Այո, Տէր:
52 Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ:
53 Եւ եղաւ՝ երբոր Յիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից:
54 Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, ո՞րտեղից է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները:
55 Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա.
56 Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա ո՞րտեղից է սորան այս ամեն բաները:
57 Եւ գայթակղում էին նորա վերայ, Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ:
58 Եւ այն տեղ շատ զօրութիւններ չ’արաւ նորանց անհաւատութեան պատճառովը: