Մատթեոս 14։1-36

14  Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց.  Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով:  Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար:  Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս:  Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ:  Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին:  Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ:  Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը:  Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի: 10  Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին: 11  Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. եւ նա տարաւ իր մօրը: 12  Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. եւ եկան պատմեցին Յիսուսին: 13  Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ: Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից: 14  Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին: 15  Եւ երբոր իրիկուն եղաւ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն: 16  Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել: 17  Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չ’ունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ: 18  Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ: 19  Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին: 20  Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան: 21  Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից: 22  Եւ Յիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ: 23  Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ: 24  Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր եւ ալէկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր: 25  Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ: 26  Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին: 27  Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք: 28  Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ: 29  Նա էլ ասեց, Եկ: Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ: 30  Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր փրկիր ինձ: 31  Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր: 32  Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց: 33  Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես: 34  Եւ միւս կողմն անցնելով եկան Գեննեսարէթի երկիրը: 35  Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին: 36  Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. եւ նորանք որ դիպան, փրկուեցան*:

Ծանոթագրություններ

14։36 Այսինքն՝ բժշկուեցան։