Մատթեոս 16։1-28

16  Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց:  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի, որովհետեւ երկինքը կարմրել է:  Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է: Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող:  Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը: Եւ նորանց թողեց գնաց:  Եւ նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել:  Եւ Յիսուսը նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը:  Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ Հաց չենք վեր առել:  Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ի՞նչու էք միտք անում ձեր միջումը, թե՛րահավատներ, թէ հաց չէք վեր առել:  Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք: 10  Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք. 11  Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը: 12  Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը: 13  Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում.Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի: 14  Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թե Յովհաննէս Մկրտիչն է. իսկ միւսները՝ Եղիան. ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը: 15  Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ: 16  Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին: 17  Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան.Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է: 18  Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս*, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան: 19  Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը: 20  Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը: 21  Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել: 22  Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ: 23  Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները: 24  Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ: 25  Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան: 26  Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար: 27  Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ: 28  Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս:

Ծանոթագրություններ

16։18 Այսինքն՝ վէմ