Մատթեոս 18։1-35

18  Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ:  Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.  Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը:  Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ:  Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում:  Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի,եւ նա ծովի անդունդում ընկղմուի:  Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կ’գայ գայթակղութիւնը:  Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ:  Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ: 10  Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է: 11  Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը: 12  Ի՞նչպէս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել: 13  Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կ’ուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած: 14  Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի: 15  Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր: 16  Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի: 17  Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չ’լսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր: 18  Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք երկնքումն էլ արձակուած կ’լինի: 19  Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է: 20  Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ: 21  Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ: 22  Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը: 23  Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել: 24  Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար* պարտական: 25  Բայց որովհետեւ չ’ունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի: 26  Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ: 27  Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան: 28  Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում. Վճարիր ինձ ինչ որ պարտական ես: 29  Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ: 30  Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ: 31  Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը: 32  Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ: 33  Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի: 34  Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան: 35  Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը:

Ծանոթագրություններ

18։24 Այսինքն՝ տաղանդ