Մատթեոս 22։1-46

22  Եւ Յիսուսը պատասխանեց եւ դարձեալ խօսեց նորանց հետ առակներով, ասելով.  Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ:  Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. եւ նորանք չ’կամեցան գալ:  Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. եկէք հարսանիքը:  Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին:  Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին:  Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց:  Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին:  Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը: 10  Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ: 11  Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած. 12  Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. եւ նա պապանձուեցաւ: 13  Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը: 14  Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած: 15  Այն ժամանակ Փարիսեցիները գնացին նորա համար խորհուրդ արին, թէ ի՞նչպէս խօսքով որոգայթ դնեն նորան: 16  Եւ իրանց աշակերտներին Հերովդէսեանների հետ նորա մօտ ուղարկեցին եւ ասեցին, Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես՝ եւ Աստուծոյ ճանապարհը սովորեցնում ես ճշմարտութիւնով, եւ ոչ մի մարդից հոգս չ’ունիս. որովհետեւ մարդի երեսպաշտութիւն չես անում: 17  Արդ՝ ասիր մեզ, ի՞նչպէս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ: 18  Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ի՞նչու էք փորձում ինձ, կեղծաւորներ: 19  Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան: 20  Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է: 21  Ասեցին նորան. Կայսեր: Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն: 22  Եւ լսելով զարմացան. եւ նորան թողեցին գնացին: 23  Այն օրը Սադուկեցիները նորա մօտ եկան՝ որ ասում են թէ յարութիւն չ’կայ՝ եւ նորան հարցրին, 24  Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսն ասեց, Եթէ մի մարդ առանց զաւակի մեռնէ, թող նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ: 25  Հիմա մեզ մօտ եօթը եղբարք կային. եւ առաջինը կին առաւ եւ մեռաւ, եւ որովհետեւ զաւակ չ’ունէր՝ իրան կինը թողեց իր եղբօրը: 26  Այնպէս էլ երկրորդ եղբայրը եւ երրորդը՝ մինչեւ եօթներորդը: 27  Եւ ամենից յետոյ կինը մեռաւ: 28  Հիմա յարութիւնումը այն եօթից որի՞ն կ’լինի կին. որովհետեւ ամենքը նորան առան: 29  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չ’գիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը: 30  Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են: 31  Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է. 32  Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը: Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների: 33  Եւ ժողովուրդները լսելով զարմանում էին նորա վարդապետութեան վերայ: 34  Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հաւաքուեցան մէկտեղ: 35  Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց. 36  Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը. 37  Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը: 38  Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը: 39  Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս: 40  Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը: 41  Եւ երբոր Փարիսեցիները հաւաքուած էին, Յիսուսը նորանցից հարցրեց եւ ասեց. 42  Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար. նա ու՞մ որդին է: Նորան ասեցին. Դաւիթի: 43  Նորանց ասեց. Ապա ի՞նչպէս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում, ասելով. 44  Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ: 45  Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ի՞նչպէս է նորա որդի: 46  Եւ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու:

Ծանոթագրություններ