Մատթեոս 23։1-39

23  Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց.  Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին:  Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. որովհետեւ ասում են բայց չեն անում:  Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց:  Եւ իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում.  Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները.  Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը:  Բայց դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք:  Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է: 10  Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը: 11  Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի: 12  Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ: 13  Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել: 14  [Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. նորա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք:] 15  Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում: 16  Վայ ձեզ, կոյր առաջնորդներ, որ ասում էք, ով որ տաճարովն երդում անէ, մի բան չէ. բայց ով որ տաճարի ոսկովն երդում անէ, պարտական է: 17  Յիմարներ եւ կոյրեր. ո՞րն է արդեօք աւելի մեծ, ոսկի՞ն թէ տաճարը, որ սրբում է ոսկուն: 18  Եւ, ով որ սեղանովն երդում անէ, մի բան չէ. բայց ով որ նորա վերայ լինող պատարագովն երդում անէ, պարտական է: 19  Յիմարներ եւ կոյրեր. ո՞րն է արդեօք աւելի մեծ, պատարա՞գը թէ սեղանը, որ սրբում է պատարագին: 20  Արդ՝ սեղանովն երդում անողը նորանով՝ եւ այն բոլոր բաներովն է երդում անում որ նորա վերայ են: 21  Եւ տաճարովն երդում անողը նորանով եւ նորանում բնակողովն է երդում անում: 22  Եւ երկնքովն երդում անողը Աստուծոյ աթոռովն է երդում անում եւ նորա վերայ նստողովը: 23  Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. սա պէտք էր անել՝ եւ այն չ’թողել: 24  Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս: 25  Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով: 26  Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի: 27  Վայ ձեզ դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով: 28  Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով: 29  Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում. 30  Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին: 31  Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ որդիք էք մարգարէների սպանողներին: 32  Եւ դուք ձեր հայրերի չափը լցրէք: 33  Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը: 34  Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք, 35  Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը: 36  Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս բոլորը կ’գայ այս ազգի վերայ: 37  Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք: 38  Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ. 39  Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ չէք տեսնիլ ինձ՝ մինչեւ որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը:

Ծանոթագրություններ