Մատթեոս 3։1-17
3 Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը,
2 Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագավորութիւնը:
3 Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները:
4 Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մէջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր:
5 Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը:
6 Եւ մկրտվում էին Յորդանանի մէջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով:
7 Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը:
8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք:
9 Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար:
10 Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի:
11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով:
12 Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով:
13 Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու:
14 Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պէտք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս:
15 Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք: Այն ժամանակը թոյլ տուաւ նորան:
16 Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ:
17 Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի: