Մատթեոս 7։1-29

7  Մի դատէք, որ չ’դատուիք:  Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ:  Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,  Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ:  Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու:  Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն:  Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ:  Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կ’բացուի:  Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան: 10  Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան: 11  Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից: 12  Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները: 13  Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները: 14  Քանի*՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները: 15  Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են: 16  Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք*. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ: 17  Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում: 18  Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել: 19  Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում: 20  Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք* նորանց: 21  Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է: 22  Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք: 23  Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ: 24  Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանեցնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ: 25  Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր: 26  Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ: 27  Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր: 28  Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ: 29  Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս:

Ծանոթագրություններ

7։13 Ոմանք՝ քանզի
7։16 Կամ՝ կ’ճանաչէք
7։20 Կամ՝ կ’ճանաչէք