Մարկոս 14։1-72

14  Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն:  Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի:  Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց:  Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը:  Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. եւ շատ յանդիմանում էին այն կնկանը:  Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. դա մի բարի բան գործեց ինձ վերայ:  Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք:  Դա ինչ որ ունէր, արաւ. առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար:  Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ: 10  Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց: 11  Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան: 12  Եւ բաղարջակերաց առաջին օրը , երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես: 13  Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք: 14  Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ: 15  Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. այնտեղ պատրաստեցէք մեզ համար: 16  Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. եւ զատիկը պատրաստեցին: 17  Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ. 18  Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. նա որ ինձ հետ ուտում է: 19  Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. եւ միւսը՝ Միթէ ե՞ս: 20  Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց: 21  Բայց մարդի Որդին կ’գնայ ինչպէս նորա համար գրուած է. սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր: 22  Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք. այս է իմ մարմինը: 23  Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից: 24  Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է: 25  Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ: 26  Եւ օրհներգելուց յետոյ դուրս եկան Ձիթենեաց սարը: 27  Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. որովհետեւ գրուած է՝ թէ Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին: 28  Բայց իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա: 29  Պետրոսն էլ ասեց նորան. թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ: 30  Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ: 31  Բայց նա առաւել եւս ասում էր. թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. այնպէս էլ ամենքն էին ասում: 32  Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. եւ նա իր աշակերտներին ասեց. այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ: 33  Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել: 34  Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. այստեղ մնացէք եւ արթուն կացէք: 35  Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ: 36  Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու: 37  Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չ’կարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ: 38  Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը տկար: 39  Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով: 40  Եւ ետ դառաւ նորանց դարձեալ քնած գտաւ, որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին, եւ չ’գիտէին թէ ինչ պատասխանեն նորան: 41  Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. բաւական է. ժամն եկաւ. ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը: 42  Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը: 43  Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիբերով՝ քահանայապետներիցը եւ դիպիրներիցը եւ ծերերիցը: 44  Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք: 45  Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան: 46  Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան: 47  Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց: 48  Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիբերով դուրս եկաք ինձ բռնելու: 49  Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. եւ ինձ չ’բռնեցիք. բայց որպէս զի գրքերը կատարուին: 50  Եւ ամենքը նորան թողեցին փախան: 51  Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան: 52  Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից: 53  Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս: 54  Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասաւորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր: 55  Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. սակայն չէին գտնում: 56  Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին: 57  Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ 58  Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ: 59  Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր: 60  Եւ քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ: 61  Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին: 62  Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած: 63  Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ: 64  Լսեցիք հայհոյանքը. ի՞նչպէս է երեւում ձեզ. նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է: 65  Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին: 66  Եւ երբոր Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է, 67  Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ: 68  Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց: 69  Եւ աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է: 70  Բայց նա դարձեալ ուրացաւ. եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է: 71  Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք: 72  Եւ հաւը երկրորդ անգամ խօսեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. եւ սկսեց լալ:

Ծանոթագրություններ