Մարկոս 4։1-41

4  Եւ դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ, մինչեւ որ նաւի մէջ մտաւ. եւ ծովի վերայ նստեց. եւ բոլոր ամբոխը ծովի մօտ ցամաքի վերայ էին:  Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.  Լսեցէք. ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու:  Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան:  Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար:  Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ:  Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. եւ պտուղ չ’տուաւ:  Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ եւ աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր:  Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ: 10  Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը: 11  Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում. 12  Որ տեսնելով տեսնեն՝ եւ չ’տեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց: 13  Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք: 14  Սերմողը Խօսքն է սերմում. 15  Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը: 16  Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. 17  Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են: 18  Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, 19  Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. եւ անպտուղ է լինում: 20  Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր: 21  Եւ ասեց նորանց. Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի. չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի: 22  Որովհետեւ ծածուկ բան չը կայ, որ չ’յայտնուի. եւ մի թագուն բան չեղաւ, որ դէպի յայտնութիւն չ’գար: 23  Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ: 24  Եւ ասեց նորանց. Տեսէք՝ ինչ էք լսում, ինչ չափով որ չափէք, նորանով էլ ձեզ կ’չափուի, եւ կ’աւելանայ ձեզ լսողներիդ: 25  Որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի. եւ ով որ չ’ունի, այն էլ որ ունի՝ վեր կ’առնուի նորանից: 26  Եւ ասում էր. այսպէս է Աստուծոյ արքայութիւնը, որպէս թէ մի մարդ սերմ գցէր հողի մէջ: 27  Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. եւ սերմը բուսնէ եւ աճի. այնպէս որ նա չ’գիտէ: 28  Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ: 29  Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է: 30  Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան: 31  Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է. 32  Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մեծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել: 33  Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել: 34  Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին ամեն բան իր աշակերտներին մեկնում էր: 35  Եւ այն օրն, երբ որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. Եկէք անցնենք այն կողմը: 36  Եւ ժողովուրդը թողեցին, եւ նորան նաւովն առան, ինչպէս որ էր նաւումը. եւ ուրիշ նաւակներ էլ կային նորա հետ: 37  Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր: 38  Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք: 39  Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ: 40  Եւ ասեց նորանց. Ի՞նչու այսպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չ’ունիք: 41  Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան:

Ծանոթագրություններ