Մարկոս 9։1-50

9   Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած: 2   Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին: 3   Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել: 4   Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ: 5   Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային: 6   Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին: 7   Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է մի սիրելի Որդին. դորան լսեցէք: 8   Եւ շուտով որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չ’տեսան, բայց միայն Յիսուսին իրանց հետ: 9   Եւ սարիցն իջնելիս, նորանց պատուիրեց, որ ոչ մէկին չը պատմեն ինչ որ տեսան, բայց միայն այն ժամանակն որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ: 10   Եւ նորանք այն խօսքը պահեցին իրանց մօտ, եւ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է այն մեռելների միջից յարութիւն առնելը: 11   Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ Պէտք է առաջ Եղիան գայ: 12   Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ Եղիան առաջ կ’գայ, եւ ամեն բան կարգի կ’դնէ. եւ ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ շատ պիտի չարչարուի եւ անարգուի: 13   Միայն ասում եմ ձեզ՝ թէ Եղիան եկաւ էլ, եւ ինչեր ուզեցին, նորան արին էլ. ինչպէս նորա համար գրուած էր: 14   Եւ երբոր եկաւ աշակերտների մօտ, նորանց չորս կողմովը շատ ամբոխ տեսաւ, եւ դպիրներին, որ նորանց հետ վիճում էին: 15   Եւ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նորան, շատ զարմացան եւ առաջ վազելով նորան բարեւում էին: 16   Եւ նա հարցրեց դպիրներին, Ի՞նչ էիք վիճում նորանց հետ: 17   Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի: 18   Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին: 19   Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. նորան ինձ մօտ բերէք: 20   Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով: 21   Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը. 22   Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ: 23   Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին: 24   Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր: 25   Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլեւս դորա մէջ չ’մտնես: 26   Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. եւ նա մեռելի պէս եղաւ. մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ: 27   Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. եւ նա կանգնեց: 28   Եւ երբոր նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան: 29   Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով: 30   Եւ այնտեղից դուրս եկած Գալիլեայի միջովն անցնում էին. եւ չէր ուզում որ մէկն իմանայ: 31   Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ: 32   Իսկ նորանք այն խօսքը չէին իմանում, եւ վախենում էին հարցնել նորան: 33   Եւ եկաւ Կափառնայում. եւ երբոր տանն էր, նորանց հարցնում էր՝ Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում: 34   Բայց նորանք լռում էին, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՞վ է մեծը: 35   Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ* լինի: 36   Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. եւ նորան գրկելով ասեց նորանց. 37   Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին: 38   Եւ Յովհաննէսը նորան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկին տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ մեր ետեւից չէր գալիս, եւ մենք արգիլեցինք նորան, որովհետեւ մեր ետեւից չէր գալիս: 39   Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ: 40   Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է: 41   Որովհետեւ ով որ մի բաժակ ջուր խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը: 42   Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի: 43   Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. 44   Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում: 45   Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ. 46   Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում: 47   Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս: 48   Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում: 49   Որովհետեւ բոլորը կրակով պէտք է աղանուի, եւ ամեն զոհ աղով պէտք է աղանուի: 50   Աղը բարի է. իսկ եթէ աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. աղ ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք:

Ծանոթագրություններ

9։35 պաշտօնեայ։