Միքիա 5։1-15

5  Հիմա դու քեզ գունդ կազմիր, ով գնդի աղջիկ, պաշարումն է դրուել մեզ վերայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի դատաւորի ծնոտին:  Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝ յաւիտենական օրերից է:  Դորա համար նորանց պիտի ձգէ մինչեւ ծնանողի ծնելու ժամանակը, եւ նորա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնայ Իսրայէլի որդկանց մօտ:  Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը:  Եւ սա խաղաղութիւն պիտի լինի, Ասորեստանցին երբոր մեր երկիրը մտնէ, եւ երբոր ման գայ մեր պալատներումը, այն ժամանակ մենք կ’կանգնեցնենք նորա դէմ եօթը հովիւ եւ ութ իշխան մարդ:  Եւ նորանք պիտի հովուեն Ասորեստանի երկիրը սրով եւ Նեբրովթի երկիրը՝ իր դռներովը, եւ նա պիտի ազատէ Ասորեստանցիներիցը, երբոր նորանք մեր երկիրը մտնեն եւ ման գան մեր սահմաններումը:  Եւ Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ, որ մարդի չէ սպասում , եւ մարդի որդկանց չէ յուսում:  Եւ Յակոբի մնացորդը ազգերի մէջ պիտի լինի շատ ժողովուրդների մէջ, ինչպէս առիւծն անտառի անասունների մէջ, ինչպէս կորիւնը ոչխարների հօտերի մէջ, որ եթէ անցնէ ու կոխ տայ եւ պատառէ, ազատող չի լինիլ:  Թող ձեռքդ բարձրանայ քո թշնամիների վերայ, եւ քո բոլոր ոսոխները բնաջինջ կ’լինեն: 10  Եւ պիտի լինի այն օրը որ պիտի բնաջինջ անեմ քո ձիերը քո միջիցը եւ պիտի կորցնեմ քո կառքերը: 11  Եւ պիտի բնաջինջ անեմ քո երկրի քաղաքները, եւ պիտի քանդեմ քո բերդերը: 12  Եւ պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդութիւնները, եւ գուշակողներ պիտի չ’ունենաս դու: 13  Եւ պիտի բնաջինջ անեմ քո դրօշեալները եւ քո արձանները քո միջիցը, եւ այլեւս չես երկրպագիլ քո ձեռաց գործերին: 14  Ես պիտի կործանեմ քո Աստարովթները քո միջիցը, եւ պիտի փչացնեմ քո քաղաքները: 15  Եւ վրեժ պիտի կատարեմ բարկութեամբ եւ սրտմտութեամբ այն ազգերին որոնք չեն լսում:

Ծանոթագրություններ