Միքիա 7։1-20
7 Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի ճռաքաղի պէս. Ողկոյզ չ’կայ ուտելու, մի կանխահազ թուզ՝ որը փափագում է սիրտս:
2 Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ’կայ մարդկանց մէջ. ամենքը արիւնների համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով:
3 Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. եւ նորանք ոլորում են բանը:
4 Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղեն ցանգից վատ, քո դէտերի օրը եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը:
5 Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները:
6 Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մոր վերայ, հարսը իր սկսեսուրի վերայ. մարդիս թշնամիներն իր ընտանիքն են:
7 Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն. ինձ պիտի լսէ իմ Աստուածը:
8 Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ’կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ’լինի:
9 Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել), մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ:
10 Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ Ո՞ւ է քո Տէր Աստուածը. իմ աչքերը տեսնեն նորան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս փողոցի ցեխը:
11 Այն օրը որ պարիսպներդ կ’շինուին, նոյն օրը պատուէրը կ’հեռանայ:
12 Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար:
13 Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, իրանց գործերի պտուղների համար:
14 Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին անտառումը Կարմեղոսումը. թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս:
15 Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ:
16 Ազգերը պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան:
17 Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, դողալով պիտի գան իրենց թաքուստները, մեր տէր Աստուծանից պիտի դաղան. այո՛, քեզանից պիտի վախենան:
18 Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, եւ իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է:
19 Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը:
20 Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր: