Նաում 1։1-15

1  Նինուէի պատգամը: Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը:  Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ:  Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է. եւ ամպերը նորա ոտների փոշին են:  Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է:  Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները:  Նորա ցասման առաջին ո՞վ կ’կանգնէ, եւ ո՞վ կ’դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին:  Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին:  Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը:  Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. վերջ տուողը նա է. նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ: 10  Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս: 11  Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը: 12  Այսպէս է ասում Տէրը. Թէեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ: 13  Եւ հիմա պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ: 14  Եւ Տէրը հրամայել է քո մասին. այլ եւս սերունդ պիտի չ’լինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար: 15  Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. որ այլ եւս անօրէն պիտի չ’անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ:

Ծանոթագրություններ