Նեեմիա 1։1-11

1  Աքազիայի որդի Նէեմիայի խօսքերը։ Եւ եղաւ Քասղեւ ամսումը Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ ես Շուշան մայրաքաղաքումն էի։  Եւ իմ եղբայրներից մէկը՝ Անանին եւ Յուդայից մի քանի մարդիկ եկան. եւ ես նորանց հարցրի այն ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին։  Եւ նորանք ինձ ասեցին. Այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գաւառումը մեծ նեղութեան եւ անարգութեան մէջ են, եւ Երուսաղէմի պարիսպները քանդուած եւ նորա դռները կրակով այրուած են։  Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին.  Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին.  Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։  Իրաւ յանցաւոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանքները եւ կանոններն ու իրաւունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսէս ծառային։  Սակայն յիշիր այն խօսքը որ պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ասելով. Եթէ դուք յանցանք գործէք, ես եզ կ’ցրուեմ ազգերի մէջ։  Եւ եթէ ետ դառնաք դէպի ինձ եւ պահէք իմ պատուիանքները եւ կատարէք նորանց, թէ որ ձեր աքսորուածները երկնքի ծայրումն էլ լինին, այնտեղից կ’ժողովեմ եւ նորանց կ’բերեմ այն տեղը որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու։ 10  Եւ ահա նորանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժովը եւ քո զօրաւոր բազուկովը։ 11  Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. եւ յաջողութիւն տուր այս մարդի առաջին։ Եւ ես թագաւորի մատռուակն էի։

Ծանոթագրություններ