Նեեմիա 13։1-31

13  Այն օրը կարդացուեցաւ Մովսէսի գրքիցը ժողովրդի ականջներին, եւ նորանում գրուած գտնուեցաւ, որ յաւիտեան պիտի Ամմոնացի եւ Մովաբացի չ’մտնէ Աստուծոյ ժողովքի մէջ.  Որովհետեւ չ’դիմաւորեցին Իսրայէլի որդկանցը հացով եւ ջրով, այլ Բաղաամին վարձեցին նորա դէմ որ նորան անիծէ, բայց մեր Աստուածը անէծքը դարձրեց օրհնութեան։  Եւ երբոր նորանք լսեցին օրէնքը, Իսրայէլից ամեն խառնուրդը բաժանեցին։  Եւ սորանից առաջ մեր Աստուծոյ տան սենեակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականաը,  Նորա համար մի մեծ սենեակ էր շինել, ուր որ առաջ դնում էին հացի նուէրները, կնդրուկը եւ անօթները, եւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդները՝ Ղեւտացիների, երգեցողների եւ դռնապանների բաժինը, նաեւ քահանաների ընծաները։  Այս ամենի ժամանակին ես Երուսաղէմումը չէի, որովհետեւ ես Բաբիլոնի Արտաշէս թագաւորի երեսունեւերկրորդ տարին գնացել էի թագաւորի մօտ, եւ մի քանի ժամանակից յետոյ կրկին հրաման առայ թագաւորից,  Եւ եկայ Երուսաղէմ ու իմացայ Եղիասիբի արած չարութիւնը Տուբիայի նկատմամբ, որ նորա համար մի սենեակ էր շինել Աստուծոյ տան գաւիթումը.  Եւ ես շատ զայրացայ, եւ դուրս տուի Տուբիայի տան բոլոր կարասիքը այն սենեակից,  Եւ հրամայեցի որ մաքրեն սենեակները, եւ դարձեալ այնտեղ տարի Աստուծոյ տան անօթները եւ հացի ընծան ու կնդրուկը։ 10  Նաեւ իմացայ, որ Ղեւտացիների բաժինները չէին տրուել, եւ որ Ղեւտացիները եւ սպասաւորութիւնն անող երգեցողները փախել ձին իրանց ագարակները։ 11  Եւ ես վիճեցի ոստիկանների հետ եւ ասեցի. Ի՞նչու է Աստուծոյ տունը թողուած. եւես Ղեւտացիներին ժողովեցի եւ նորանց հաստատեցի իրանց տեղը։ 12  Եւ բոլոր Յուդան բերաւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդը գանձատունը։ 13  Եւ ես գանձատունների վերայ գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային եւ Սադովկ դպրին եւ Ղեւտացիներից Փադայիային, եւ նորանց օգնական՝ Մաթանիայի որդիի Զաքուրի որդի Անանին. որովհետեւ նորանք հաւատարիմ էին համարվում, եւ նորանց գործն էր որ իրանց եղբայրներին բաժին տան։ 14  Ով Աստուած իմ, յիշիր ինձ սորա համար, եւ մի ջնջիր իմ բարեգործութիւնները որ արի իմ Աստուծոյ տանը եւ նորա ծառայութիւնումը։ 15  Այն օրերը տեսայ որ Հրէաստանում շաբաթ օրը խաղող էին կոխում եւ խուրձերը բերում էշերին բեռնում էին, նաեւ գինի, խաղող եւ թուզ եւ ամեն տեսակ բեռ, եւ բերում էին Երուսաղէմ շաբաթ օրը. եւ ես յանդիմանեցի նորանց իրանց ուտելիք ծախած օրը։ 16  Եւ նորա մէջ բնակող Տիւրացիները ձուկ եւ ամեն տեսակ ապրանք էին բերում եւ շաբաթ օրը ծախում Յուդայի որդիներին եւ Երուսաղէմումը։ 17  Եւ ես կռիւ արի Յուդայի ազնուականների հետ եւ ասեցի նորանց. Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում էք եւ շաբաթ օրը պղծում էք։ 18  Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով։ 19  Եւ երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը՝ շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները գողեն, եւ հրամայեցի որ նորանց չ’բանան մինչեւ շաբաթ օրուայ վերջը. եւ իմ ծառաներից դրի դռների վերայ, որ բեռ ներս չ’մտնէ շաբաթ օրը։ 20  Եւ վաճառականները եւ ամեն տեսակ ապրանք ծախողները մէկ եւ երկու անգամ գիշերը Երուսաղէմի դրսումը մնացին։ 21  Եւ ես յանդիմանեցի ասելով. Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում. եթե մէկ անգամ այդպէս անէք, ես ձեռք կ’բարձրացնեմ ձեզ վերայ. այն ժամանակից հետէ այլ եւս չ’եկան շաբաթ օրը։ 22  Եւ Ղեւտացիներին հրամայեցի որ սրբուին ու գան դռներումը պահապանութիւն անեն, շաբաթ օրը սրբելու համար. սա էլ յիշիր ինձ համար, ով իմ Աստուած, եւ ինձ ողորմիր քո մեծ ողորմութեան համեմատ։ 23  Նաեւ այն օրերը տեսայ որ Հրէաները Ազովտացի, Ամմոնացի, Մովաբացի կիներ էին առել. 24  Եւ նորանց որդկանցից կէսը խօսում էր Ազովտացիների լեզուն, բայց Հրէարեն խօսել չ’գիտէին. եւ խօսում էին այս եւ այն ազգի լեզուովը։ 25  Եւ ես նորանց հետ կռիւ արի եւ նորանց նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը փետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով, թէ Ձեր աղջիկները նորանց որդկանցը չ’տաք, եւ նորանց աղջիկներից չ’առնէք ձեր որդկանց համար եւ ձեզ համար։ 26  Չէ՞ որ սորանով մեղանչեց Իսրայէլի Սողոմոն թագաւորը, թէեւ շատ ազգերում նորա նման թագաւոր չ’կար, եւ սիրելի էր իր Աստուծուն, եւ Աստուած նորան բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել, սակայն օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին։ 27  Եւ ձեզ նկատմամբ սա լսուելու բան է՞, որ այս մեծ չարութիւնը անէք եւ Աստուծոյ դէմ ապստամբուէք օտարազգի կիներ առնելով։ 28  Եւ մեծ քահանայ Եղիասիբի որդի Յովիադայի որդկանցից մէկը Որոնացի Սանաբաղատի փեսան էր. եւ նորան դուրս արի իմ կշտից։ 29  Ով իմ Աստուած, նորանց յիշիր, որ պղծեցին քահանայութիւնը եւ քահանայութեան եւ Ղեւտացիների ուխտը։ 30  Եւ այսպէս նորանց մաքրեցի բոլոր օտարազգիներից, եւ քահանաների ու Ղեւտացիների համար պաշտօնները նշանակեցի՝ ամեն մարդի համար իր գործը. 31  Նաեւ փայտի ընծան իր որոշուած ժամանակներին եւ երախայրիքը։ Ով Աստուած իմ, յիշիր ինձ ի բարին։

Ծանոթագրություններ