Նեեմիա 4։1-23

4  Եւ երբոր Սանաբաղատը լսեց որ մենք պարիսպը շինում ենք, բարկացաւ եւ շատ զայրացաւ եւ ծաղր արաւ Հրէաներին.  Եւ ասեց իր եղբարցը Սամարիայի զօրքի առաջին եւ խօսեց թէ Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն. մի՞թէ թոյլ կ’տան նորանց. մի՞թէ զոհ են մատուցանելու. մի՞թէ այսօր վերջացնելու են. մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից քանի որ նորանք այրուած են։  Եւ Ամմոնացի Տուբիան նորա կշտին էր եւ ասեց. Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կ’քանդէ։  Լսիր, ով մեր Աստուած, որ նախատուեցանք, եւ նորանց նախատինքը դարձրու նորանց գլխին եւ նորանց մատնիր աւար լինելու գերութեան երկրումը։  Եւ մի ծածկիր նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքը չ’ջնջուի քո առաջին, որովհետեւ քեզ բարկացրին շինողների առաջին։  Եւ պարիսպը շինեցինք, եւ բոլոր պարիսպը շրջափակուեցաւ մինչեւ կէսը. եւ ժողովուրդը սիրտ առաւ գործելու։  Եւ երբոր լսեցին Սանաբաղատը եւ Տուբիան եւ Արաբացիք եւ Ամմոնացիք եւ Ազովտացիք, որ Երուսաղէմի պարիսպները վերանորոգվում են եւ քանդուած տեղերը սկսուել են կարկատուիլ, շատ բարկացան։  Եւ ամենքը միաբանուեցան միասին, որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն եւ նորան վնաս տան։  Բայց մենք աղօթք արինք մեր Աստուծուն, եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր։ 10  Եւ Հրէաներն ասեցին. Բեռնակիրների ոյժը թուլացել է, եւ հողը շատ է. եւ մենք չենք կարողանում պարիսպը շինել։ 11  Բայց մեր թշնամիքն ասում էին թէ Չ’իմանան եւ չ’տեսնեն մինչեւ որ մտնենք նորանց մէջ եւ նորանց սպանենք եւ գործը խափանենք։ 12  Եւ երբոր նորանց մօտակայքումը բնակող Հրէաները մեզ մօտ եկան եւ տասն անգամ մեզ ասեցին ամեն տեղերից, թէ Ետ դարձէք եկէք մեզ մօտ, 13  Այն ժամանակ ես ցած տեղերումը պարսպի ետքին չոր տեղերը դրի, այսինքն կանգնեցրի ժողովուրդը տոհմերի համեմատ իրանց սուրերովը, նիզակներովը եւ աղեղներովը։ 14  Եւ նայեցի ու վեր կացայ եւ ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը, եւ պատերազմեցէք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց եւ ձեր տների համար։ 15  Եւ երբոր մեր թշնամիքը լսեցին, որ մենք իմացել ենք, եւ թէ Աստուած ցրուել է նորանց խորհուրդը, մենք ամենքս ետ դառանք դէպի պարիսպն ամեն մարդ իր գործին։ 16  Եւ այն օրիցն ի վեր իմ մարդկանց կէսը գործն էր գործում, եւ նորանց կէսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները եւ զրահներն էին բռնում. եւ իշխանները Յուդայի բոլոր տան ետեւին կանգնել էին։ 17  Պարիսպը շինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրանց վերայ էին բեռնում, մէկ ձեռքովը գործն էին գործում, իմկ միւս ձեռքը զէնքն էր բռնած։ 18  Եւ շինողների ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում, եւ փողահարն իմ կշտին էր։ 19  Եւ ես ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Այս գործը մեծ եւ ընդարձակ է. եւ մենք ցրուած ենք պարսպի վերայ միմիանցից հեռու։ 20  Ուրեմն որ տեղ որ լսէք փողի ձայնը, այնտեղ ժողովուեցէք մեզ մօտ, մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար։ 21  Եւ այսպէս մենք գործը գործում էինք. եւ կէսը նիզակներն էին բռնած արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը։ 22  Այն ժամանակ սա էլ ասեցի ժողովրդին. Որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը մեզ համար պահապանութիւն անեն եւ ցերեկը գործեն։ 23  Եւ ես ու իմ եղբայրները եւ իմ ծառաները եւ իմ ետեւից եկող պահապան մարդիկը՝ ամենքս մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդ ջուրը ուղարկելուց։

Ծանոթագրություններ