Նեեմիա 5։1-19

5  Եւ ժողովրդի ու նորանց կանանց աղաղակը մեծ էր իրանց Հրէայ եղբայրների դէմ։  Եւ կային ասողներ թէ Մենք մեր տղերքովն ու աղջկերքովը շատ ենք, եւ ուտելիք ծախու կ’առնենք եւ կ’ուտենք ու կ’ապրենք։  Եւ ասողներ էլ կային թէ Մեր արտերը, այգիները եւ տները գրաւ ենք դնում որ ուտելիք առնենք սովի ժամանակ։  Եւ ասողներ էլ կային թէ Մենք փող ենք պարտք անում թագաւորի հարկի համար մեր արտերովը եւ մեր այգիներովը։  Եւ արդ մեր մարմինը մեր եղբարց մարմնի պէս է, մեր որդիքը նորանց որդկանց պէս, եւ ահա մենք մեր որդիքն ու աղջկերքը ծառայութեան ենք հպատակացնում, եւ մեր աղջիկներից ոմանք հպատակուած են. եւ մեր ձեռքին կարողութիւն չ’կայ, որովհետեւ մեր արտերն ու այգիներըն ուրիշներինն են։  Եւ ես շատ նեղացայ, երբոր նորանց աղաղակը եւ այս խօսքերը լսեցի.  Եւ իմ սրտումը խորհեցի եւ յանդիմանեցի իշխանենրին եւ ոստիկաններին եւ ասեցի նորանց. Դուք ամեն մէկդ վաշխ էք առնում մեր եղբայրներից. եւ նորանց դէմ մեծ ժողովք կազմեցի.  Եւ նորանց ասեցի. Մենք ծախու առել ենք մեր Հրէայ եղբայրներին, որ ծախուած էին հեթանոսներին, որքան որ կարող էինք, բայց դուք ծախում էք ձեր եղբայրներին. եւ նորանց մեզ վերայ ծախուի՞ն։ Իսկ նորանք լռեցին եւ պատասխան չ’գտան։  Եւ ես ասեցի. Լաւ չէ այս բանը որ դուք անում էք. մի՞թէ պիտի մեր Աստուծոյ երկիւղովը չ’գնաք, որ մեր թշնամի ազգերի առաջին խայտառակ չ’լինինք։ 10  Եւ ես էլ, եղբայրներս ու ծառաներս էլ նորանց փող եւ ցորեն ենք փոխ տուել. եկէք այս պարտքը նորանց շնորհենք։ 11  Խնդրում եմ, այսօր նորանց արտերն իրանց ետ դարձրէք, նորանց այգիները, ձիթենիներն ու տները, եւ հարիւրից մէկը նորանցից ձեզ հասնելի արծաթը, ցորենը, գինին եւ իւղն էլ։ 12  Եւ նորանք ասեցին. Ետ ենք դարձնում, նորանցից չենք ուզիլ. այնպէս կ’անենք ինչպէս որ դու ասում ես։ Եւ ես կանչեցի քահանաներին, եւ նորանց երդում տալ տուի որ այսպէս անեն։ 13  Եւ ես թափ տուի իմ ծոցը եւ ասեցի. Աստուած այսպէս թափ տայ ամեն մարդին իր տանիցն ու իր աշխատանքիցը, ով որ այս խօսքը չ’պահէ, եւ նա այսպէս թափ տրուած եւ դարտակ լինի։ Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. եւ օրհնեցին Տիրոջը. եւ ժողովուրդն այպսէս արաւ։ 14  Նաեւ այն օրիցը, որ ինձ հրամայեց թագաւորը որ նորանց իշխանը լինիմ Հրէաստանում Արտաշէս թագաւորի քսաներորդ տարիից մինչեւ երեսունեւերկրորդ տարին՝ տասնեւերկու տարի ես եւ իմ եղբարքը իշխանական հացը չ’կերանք։ 15  Եւ նախորդ իշխանները, որոնք ինձանից առաջ եղել էին, ժողովրդին ծանրութիւն էին տուել, եւ նորանցից հաց եւ գինի էին առնում բացի քառասուն սիկղ արծաթից. նաեւ նորանց ծառաները տիրում էին ժողովրդի վերայ. բայց ես այդպէս չ’արի Աստուածանից վախենալով։ 16  Նաեւ այս պարսպի գործումը ես ջանացի. եւ արտ ծախու չ’առինք, եւ իմ ամեն ծառաները ժողովուած էին այնտեղ այն գործի վերայ։ 17  Եւ հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մօտ եկողներ լինում էին իմ սեղանի վերայ։ 18  Եւ ահա ինչ էր պատրաստվում մէկ օրը՝ մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ էին պատրաստվում ինձ համար. եւ տասն օրուայ մէջ ամեն տեսակ գինի առատութեամբ. եւ այսու ամենայնիւ իշխանական հացը չ’ուզեցի. որովհետեւ ծառայութիւնը ծանր էր այս ժողովրդի վերայ։ 19  Յիշիր ինձ ի բարին, ով իմ Աստուած, ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար։

Ծանոթագրություններ