Ողբ 1։1-22

Աւերակ և խայտառակ Երուսաղէմը ողբում է և օգնութիւն խնդրում։ 1  Ի՜նչպէս առանձին է նստում բազմամարդ քաղաքը, որբեւայրիի պէս է դառել ազգերի մէջ մեծը, գաւառներում իշխանուհի եղողը հարկատու է դառել։  Դառնապէս լաց է լինում գիշերը եւ նորա արտասուքը նորա այտերի վերայ է, մխիտարող չ’ունի նա իր բոլոր սիրելիներից. նորա բոլոր ընկերները խաբերցին նորան, թշնամիներ եղան նորա համար։  Գերի գնաց Յուդան տառապանքից եւ շատ ծառայութիւնից, նա բնակվում է ազգերի մէջ, հանգստութիւն չէ գտել, նորա բոլոր հալածողները հասան նորան նեղութիւնների մէջ։  Սիօնի ճանապարհները սուգ են անում տօնի եկողներ չ’լինելով, նորա քահանաները հեծում են, նորա կոյսերը տրտմած են, եւ ինքը տխրած է։  Նորա նեղիչները գլխաւոր եղան, նորա թշնամիքը յաջողուեցան, որովհետեւ Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար. նորա երեխայքը գերի գնացին թշնամիի առաջին։  Եւ հեռացաւ Սիօնի աղջկերանց բոլոր վայելչութիւնը, նորա իշխանները ճարակ չ’գտնող եղջերուների նման եղան. եւ տկարացած գնում են հալածողի առաջին։  Երուսաղէմը յիշեց իր տառապանքի եւ թշուառութեան օրերում իր բոլոր վայելչութիւնները, որ ունէր վաղ ժամանակներից, երբոր իր ժողովուրդը թշնամիի ձեռքն ընկաւ, եւ օգնող չ’ունէր, թշնամիները տեսան նորան, ծիծաղեցին նորա կործանումի վերայ։  Երուսաղէմը ծանր մեղանչեց, դորա համար զզուելի է համարվում, նորա բոլոր պատուողները անարգում են նորան, որովհետեւ տեսան նորա մերկութիւնը, նա ինքն էլ է հեծում, եւ ետ դառնում։  Նորա պղծութիւնները իր քղանցքների վերայ է. նա յիշեց իր վերջը. եւ զարմանալի կերպով ցածացաւ, մխիթարիչ չ’ունի. նայիր, ով Տէր, իմ տառապանքին, որ հպարտացաւ թշնամին։ 10  Թշնամին մեկնեց իր ձեռքը նորա բոլոր ցանկալի բաներին, որովհետեւ տեսաւ հեթանոսներին, որ մտան իր սրբարանը, որն որ դու պատուիրել էիր, որ քո ժողովքի մէջ չ’մտնեն. 11  Նորա բոլոր ժողովուրդը հեծում է հաց ուզելով, իրանց ցանկալիքը տալիս են ուտելիքի՝ սիրտը ուժովցնելու համար. տես, ով Տէր, եւ նայիր, որ ես անարգանք եմ դառել։ 12  Չէ՞ք տեսնում, ով բոլոր ճանապարհով անցնողներ, նայեցէք եւ տեսէք թէ արդեօք կա՞յ մի ցաւ իմ ցաւի նման, որ եկաւ ինձ վերայ, որին տրտմեցրեր է Տէրը իր բորբոքած բարկութեան օրումը։ 13  Նա բարձրիցը կրակ ուղարկեց իմ ոսկորների մէջ, որ նորանց տիրէ, ոտներիս ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի արաւ ինձ՝ բոլոր օրը հիւանդոտ։ 14  Իմ յանցանքի լուծը նորա ձեռովը կապուեցաւ, նորանք հիւսուեցան՝ վեր ելան իմ պարանոցի վերայ. նա նուաճել է իմ ոյժը. Տէրը ինձ մատնել է ձեռների, որ չեմ կարող կանգնել։ 15  Տէրը անարգեց իմ բոլոր զօրաւորներին իմ միջումը, ինձ վերայ ժողովք կանչեց իմ երիտասարդներին կոտրելու համար, հնձան կոխեց Տէրը Յուդայի կոյս աղջկայ համար։ 16  Սորանց համար ես լաց եմ լինում, աչքերս՝ աչքերս ջուր են թափում, որ հեռացել է ինձանից մխիթարիչը՝ իմ սիրտը հանգստացնողը, իմ որդիքը նուաղեցան, որովհետեւ թշնամին զօրացաւ։ 17  Սիօնը մեկնում է իր ձեռները, բայց մխիթարող չ’կայ նորա համար. Տէրը պատուիրեց Յակոբի մասին, որ նեղիչներ լինեն նորա շուրջը. Երուսաղէմը դաշտանաւոր կին դառաւ նորանց մէջ։ 18  Արդար է Տէրը, որովհետեւ ես նորա դէմ անհնազանդ եղայ, մէկ լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, եւ տեսէք իմ ցաւը, իմ կոյսերն ու իմ երիտասարդները գերի գնացին։ 19  Կանչեցի իմ սիրելիներին, նորանք ինձ խաբեցին, քահանաներս եւ ծերերս քաղաքումը վախճանուեցան. երբոր կերակուր էին որոնում իրանց համար, որ իրանց սիրտը ուժովացնեն։ 20  Նայիր, ով Տէր, որ նեղութեան մէջ եմ, աղիքներս գալարվում են, սիրտս տակնուվերայ է ներսումս, որովհետեւ սաստիկ ապստամբել եմ, դրսից սուրն է ինձ անզաւակ անում, ներսիցը՝ ինչպէս մահ։ 21  Լսեցին որ ես հառաչում եմ, բայց մխիթարիչ չ’ունիմ. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշուառութիւնը, ուրախացան որ դու արիր. դու բերում ես այն օրը որ կանչեցիր, որ նորանք էլ ինձ պէս դառնան։ 22  Նորանց բոլոր չարութիւնը քո առաջը գայ, եւ նորանց այնպէս արա ինչպէս ինձ արիր իմ բոլոր յանցանաց համար, որ իմ հառաչանքները շատ են եւ սիրտս նուաղած է։

Ծանոթագրություններ