Ողբ 2։1-22

Երուսաղէմի և Յուդայի կործանման մասին ողբ։ 2  Ի՜նչպէս է Տէրը ամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չ’յիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։  Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները։  Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։  Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր աչքի հաճելի բաները. կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։  Տէրը թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։  Հարստահարեց այգիի պէս իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։  Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։  Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չը դարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։  Տափը մտան նորա դռները. նա փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա թագաւորներն ու նորա իշխանները ազգերի մէջ են. օրէնք չ’կայ. նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։ 10  Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։ 11  Աչքերս մաշուացան արտասուքով, աղիքներ բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։ 12  Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։ 13  Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կ’բժշկէ քեզ։ 14  Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, քո անօրէնութիւնը բաց չ’արին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու մոլորութիւններ* տեսան։ 15  Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր ճանապարհով անցնողները, սուլում են եւ իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն։ 16  Իրանց բերանը բաց արին քեզ վերայ բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. Կուլ տուինք. հէնց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք։ 17  Տէրը կատարեց իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. քանդեց եւ չ’խնայեց, եւ ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։ 18  Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չ’հանգստանայ։ 19  Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաներին հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։ 20  Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։ 21  Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, մորթեցիր, չ’խնայեցիր։ 22  Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չ’եղան պրծնող ու ազատուող, ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։

Ծանոթագրություններ

2։14 Կամ՝ աքսորանքի պատճառներ։