Ողբ 3։1-66

Երեմիայի ողբալը և մխիթարութիւն։ 3  Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։  Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։  Հենց ինձ դէմ դառաւ, ձեռքը դարձրեց բոլոր օրը։  Մաշեց մարմինս ու մորթս, կոտրատեց ոսկորներս։  Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։  Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։  Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չ’գամ, ծանրացրեց իմ շղթաները։  Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։  Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։ 10  Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։ 11  Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։ 12  Լարեց իմ աղեղը եւ ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։ 13  Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։ 14  Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, նորանց երգը՝ բոլոր օրը։ 15  Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։ 16  Եւ կոտրատեց խիճերով իմ ատամներ, ինձ մոխիրը դրաւ։ 17  Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։ 18  Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։ 19  Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։ 20  Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ 21  Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։ 22  Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. 23  Նորանք ամեն առաւօտ նորանոր են. մեծ է քո հաւատարմութիւնը։ 24  Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։ 25  Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։ 26  Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։ 27  Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։ 28  Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։ 29  Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կ’լինի։ 30  Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։ 31  Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։ 32  Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կը գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։ 33  Որովհետեւ նա ’ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։ 34  Իր ոտների տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին, 35  Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին, 36  Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, Տէրը չէ՞ տեսնում։ 37  Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։ 38  Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։ 39  Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մէջ։ 40  Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։ 41  Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։ 42  Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. դու չ’ներեցիր։ 43  Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, սպանեցիր ու չ’խնայեցիր։ 44  Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չ’կենայ։ 45  Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։ 46  Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։ 47  Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ աւերումն ու կոտորած։ 48  Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։ 49  Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չ’ունի։ 50  Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։ 51  Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։ 52  Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս զուր տեղը իմ թշնամիները։ 53  Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ քար գցեցին ինձ վերայ։ 54  Ջուրերն անցան գլխովս. ես ասեցի թէ Կտրուեցայ։ 55  Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը։ 56  Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։ 57  Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։ 58  Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանք։ 59  Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, պաշտպանիր իմ դատը։ 60  Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։ 61  Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։ 62  Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։ 63  Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, ես նորանց երգն եմ։ 64  Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։ 65  Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։ 66  Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։

Ծանոթագրություններ