Սաղմոս 104։1-35

104  Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես:  Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր:  Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում:  Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ:  Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան:  Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. ջուրերը կանգնում են սարերի վերայ:  Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում:  Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար:  Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն: 10  Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. սարերի միջովը գնում են նորանք: 11  Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը: 12  Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. ճիւղերի միջիցը ձայն են տալիս: 13  Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը: 14  Խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը: 15  Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը: 16  Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց: 17  Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը: 18  Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների: 19  Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը: 20  Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները: 21  Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը: 22  Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում: 23  Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն: 24  Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը: 25  Այս մեծ եւ լայն ծովն է. այնտեղ սողացողները անթիւ են. փոքր կենդանիներ մեծերի հետ: 26  Այնտեղ նաւերը ման են գալիս. այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում: 27  Սորանք ամենը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին: 28  Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով: 29  Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում: 30  Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. եւ դու նորոգում ես երկրի երեսը: 31  Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը: 32  Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են: 33  Ես կ’օրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. սաղմոս կ’ասեմ իմ Աստուծուն քանի որ կամ: 34  Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. ես ուրախ կ’լինիմ Տէրով: 35  Մեղաւորները կ’պակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը: Ալէլուիա*։

Ծանոթագրություններ

104։35 Այսինքն՝ Օրհնեցէք Տիրոջը։