Սաղմոս 106։1-48

106  Ալէլուիա: Գոհացէք Տէրիցը որ բարի է. որ նորա ողորմութիւնը յաւիտեան է:  Ո՞վ կ’պատմէ Տիրոջ զօրութիւնը. ո՞վ կ’իմացնէ նորա բոլոր գովասանքը:  Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին:  Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը:  Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. պարծենամ քո ժառանգութիւնովը:  Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք:  Մեր հայրերը Եգիպտոսում չ’հասկացան քո հրաշքները. չ’յիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։  Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը:  Եւ Կարմիր ծովին սաստեց ՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում: 10  Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը: 11  Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չ’մնաց: 12  Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը: 13  Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չ’սպասեցին նորա խորհուրդներին: 14  Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը: 15  Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին: 16  Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ: 17  Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին: 18  Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. բոց մաշեց ամբարիշտներին: 19  Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին: 20  Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան: 21  Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը: 22  Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ Կարմիր ծովի վերայ: 23  Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չ’լիներ մէջտեղը* նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց: 24  Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չ’հաւատացին նորա խօսքին: 25  Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չ’լսեցին: 26  Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը. 27  Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ: 28  Բայց նորանք Բէլ–Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան: 29  Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ: 30  Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ: 31  Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան: 32  Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը: 33  Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը: 34  Նորանք չ’կորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց. 35  Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը: 36  Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար: 37  Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին: 38  Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։ 39  Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը: 40  Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը: 41  Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ: 42  Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ: 43  Եւ շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով: 44  Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց: 45  Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս: 46  Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց: 47  Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք: 48  Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն: Ալէլուիա:

Ծանոթագրություններ

106։23 Եբր.՝ պատառուածքումը։