Սաղմոս 109։1-31

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ 109  Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար:  Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. սուտ լեզուով խօսում են ինձ դէմ:  Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ:  Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում:  Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն:  Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին:  Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի:  Նորա օրերը պակասին. եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ:  Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի. 10  Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից: 11  Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը: 12  Մէկը չ’լինի որ նորան գթութիւն ցոյց տայ. եւ մէկն էլ չ’ողորմէ նորա որբերի վերայ: 13  Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ: 14  Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չ’ջնջուի: 15  Ամէն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը: 16  Նորա համար որ չ’յիշեց ողորմութիւն անելը. այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ: 17  Անէծք սիրեց, եւ նա կ’հասնէ նորան. եւ օրհնութիւն չ’կամեցաւ, եւ նա հեռու կ’լինի նորանից: 18  Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. եւ նա ջրի պէս կ’մտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ: 19  Նորան այնպէս լինի ինչպէս իր հանգնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին: 20  Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին: 21  Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. փրկիր ինձ: 22  Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը: 23  Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ: 24  Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը: 25  Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները: 26  Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. փրկիր ինձ քո ողորմութեան պէս, 27  Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու Տէրդ արիր այս: 28  Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. նորանք վեր են կենում ինձ դէմ ու կ’ամաչեն, բայց քո ծառան ուրախ կ’լինի: 29  Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն: 30  Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. եւ շատերի մէջ օրհնեմ նորան: 31  Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը:

Ծանոթագրություններ