Սաղմոս 119։1-176

ԱԼԷՖ 119  Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը:  Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան:  Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը:  Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները:  Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները:  Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կ’տամ:  Ես կ’գոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. երբոր քո արդարութեան իրաւունքները կ’սովորեմ:  Քո հրամանները կ’պահեմ. մի թողիր ինձ իսպառ: ԲԷԹ  Երիտասարդն ինչո՞վ իստակ կ’անէ իր ճանապարհը. քո խօսքի պէս զգուշանալով: 10  Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար որ քո պատուիրանքներիցը մոլորուիմ: 11  Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ: 12  Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները: 13  Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները: 14  Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով: 15  Քո պատուիրանքների վերայ կը մտածեմ. եւ քո ճանապարհին մտիկ կ’տամ: 16  Քո հրամաններովը կ’ուրախանամ. եւ քո խօսքը չեմ մոռանալ: ԳԻՄԷԼ 17  Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ: 18  Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ: 19  Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները: 20  Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին: 21  Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան: 22  Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ: 23  Իշխաններն էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում: 24  Իրաւ որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները: ԴԱԼԷԹ 25  Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս: 26  Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հարմանները: 27  Պատուրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կ’մտածեմ քո սքանչելիքների վերայ: 28  Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. հաստատիր ինձ քո խօսքին պէս: 29  Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ: 30  Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. քո իրաւունքներն իմ առաջին դրի: 31  Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ: 32  Քո պատուիրանքների ճանապարհովը կ’վազեմ. որ դու իմ սիրտը լայնացրիր: ՀԷ 33  Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան: 34  Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով: 35  Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. որ նորանց հաւանեցիր: 36  Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը: 37  Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը: 38  Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է: 39  Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. որովհետեւ քո իրաւունքները բարի են: 40  Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. քո արդարութիւնովը ապրեցրու ինձ: ՎԱՎ 41  Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս: 42  Ապա ես կ’պատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. որովհետեւ քո խօսքին եմ յուսացած: 43  Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած: 44  Ապա քո օրէնքը կ’պահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից: 45  Եւ լայնարձակ կ’գնամ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի: 46  Եւ քո վկայութիւնների համար կ’խօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ: 47  Եւ քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ: 48  Եւ իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ: ԶԱՅԻՆ 49  Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր: 50  Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ: 51  Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում: 52  Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ: 53  Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են: 54  Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ: 55  Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը: 56  Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ: ԽԷԹ 57  Իմ բաժինը դու ես, Տէր. ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ: 58  Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս: 59  Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին: 60  Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ: 61  Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. եւ քո օրէնքը չեմ մոռանում: 62  Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար: 63  Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում են քեզանից՝ եւ քո պատուրանքները պահում են: 64  Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ: ԹԷԹ 65  Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս: 66  Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին: 67  Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ: 68  Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները: 69  Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. ես բոլոր սրտով կը պահեմ քո պատուիրանքները: 70  Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանում եմ քո օրէնքովը: 71  Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ: 72  Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ: ԵՕԹ 73  Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ: 74  Քեզանից վախեցողները կ’տեսնեն ինձ եւ ուրախ կ’լինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ: 75  Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ: 76  Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս: 77  Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը: 78  Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում: 79  Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները: 80  Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չ’ամաչեմ: ՔԱՖ 81  Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. բայց ես քո խօսքին յուսացայ: 82  Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. ես ասում եմ՝ Ե՞րբ կ’մխիթարես ինձ: 83  Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. բայց քո հրամանները չեմ մոռանում: 84  Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կ’անես իմ հալածողներին: 85  Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն: 86  Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. օգնիր ինձ: 87  Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. ես քո պատուիրանքները չեմ թողնում: 88  Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները կ’պահեմ: ԼԱՍԷԴ 89  Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը: 90  Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է: 91  Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են: 92  Եթէ քո օրէնքը իմ ուրախութիւնը չ’լինէր, ես վաղուց կորած կ’լինէի իմ խեղճութիւնումը: 93  Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ: 94  Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ: 95  Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում: 96  Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. քո պատուիրանքը շատ լայնարձակ է: ՄԷՄ 97  Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը: 98  Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նորանք յաւիտեան իմս են: 99  Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը: 100  Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ: 101  Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ: 102  Քո իրաւունքիցը չեմ հեռանում. որովհետեւ դու սովորեցնում ես ինձ: 103  Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. մեղրիցն էլ աւելի է իմ բերանին: 104  Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը: ՆՈՒՆ 105  Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար: 106  Ես երդում արի եւ կ’կատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կ’պահեմ: 107  Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս: 108  Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ: 109  Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում: 110  Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում: 111  Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են: 112  Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը: ՍԱՄԷԽ 113  Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի: 114  Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի: 115  Հեռու կացէք ինձանից, ով չարեր. որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները: 116  Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար: 117  Օգնիր ինձ եւ ես կ’ապրեմ. եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կ’տամ: 118  Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է: 119  Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները: 120  Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ: ԱՅԻՆ 121  Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը: 122  Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. որ ամբարտաւանները չ’նեղացնեն ինձ: 123  Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով: 124  Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. եւ քո հրամանները սովորեցրու ինձ: 125  Ես քո ծառան եմ. իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ: 126  Ժամանակ է որ Տէրն անէ այս. որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին: 127  Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի: 128  Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ: ՖԷ 129  Քո վկայութիւններդ զարմանալի են . սորա համար իմ անձը պահում է նորանց: 130  Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին: 131  Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ: 132  Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին: 133  Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրինութիւն չ’տիրէ ինձ վերայ: 134  Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կ’պահեմ քո պատուիրանքները: 135  Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. եւ սովորեցրու ինձ քո հրամանները: 136  Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում: ՅԱԴԷ 137  Դու արդար ես, Տէր. եւ քո դատաստաններն ուղիղ են: 138  Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են: 139  Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը: 140  Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան շատ սիրում է նորան: 141  Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները: 142  Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. եւ քո օրէնքը՝ ճշմարիտ: 143  Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են: 144  Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կ’ապրեմ: ՔՕՖ 145  Բոլոր սրտով կանչում եմ. լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ: 146  Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. եւ քո վկայութիւնները կ’պահեմ: 147  Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի: 148  Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ: 149  Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ: 150  Անօրէնութեան հետեւողները մօտեցան. նորանք քո օրէնքիցը հեռացան: 151  Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են: 152  Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան: ՐԷՇ 153  Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում: 154  Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. քո խօսքի պէս ապրեցրու ինձ: 155  Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում: 156  Տէր, քո բարեգթութիւնը շատ է. քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ: 157  Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. քո օրէնքիցը դուրս չեմ գալիս: 158  Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում: 159  Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ: 160  Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները յաւիտեան: ՇԻՆ 161  Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը: 162  Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող: 163  Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. բայց քո օրէնքն սիրում եմ: 164  Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար: 165  Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար: 166  Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում: 167  Իմ անձը պահում է քո վկայութիւնները. եւ ես շատ սիրում եմ նորանց: 168  Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են: ԹԱՎ 169  Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. քո խօսքի պէս իմաստուն արա ինձ: 170  Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. քո խօսքի պէս փրկիր ինձ: 171  Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ: 172  Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են: 173  Թող ձեռքդ ինձ օգնական լինի. որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն: 174  Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը: 175  Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. եւ քո իրաւունքներն օգնեն ինձ: 176  Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. ման եկ քո ծառային. որովհետեւ քո պատուիրանքները ես չ’մոռացայ:

Ծանոթագրություններ