Սաղմոս 143։1-12
Դաւիթի Սաղմոս։
143 Ով Տէր, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ աղաչանքին. պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը:
2 Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին:
3 Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները:
4 Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում:
5 Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ:
6 Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ: (Սէլա։)
7 Շուտ արա, լսիր ինձ, Տէր. հոգիս մաշվում է. երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չ’նմանիմ:
8 Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը:
9 Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. ես քեզ եմ ապաւինել:
10 Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր:
11 Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից:
12 Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. որովհետեւ ես քո ծառան եմ: