Սաղմոս 144։1-15

Դաւիթի (Սաղմոս)։ 144  Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու:  Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ:  Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. եւ մարդի որդին որ ուշ դնես նորան:  Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են:  Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կ’ծխեն:  Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց:  Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.  Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է:  Ով Աստուած, նոր օրհնութիւն կ’երգեմ քեզ. տասնաղեայ տաւիղով սաղմոս կ’ասեմ քեզ։ 10  Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը: 11  Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է. 12  Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներն՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած: 13  Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը: 14  Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չ’լինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը: 15  Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է:

Ծանոթագրություններ