Սաղմոս 18։1-50

Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս*, որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը.* եւ ասեց. 18  Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը:  Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ: Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.  Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ:  Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,  Գերեզմանի* ցավերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ:  Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին:  Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. որովհետեւ նա բարկացաւ:  Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը*, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. կայծակներ փայլատակեցին նորանից:  Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ: 10  Նա հեծաւ քերովբեի վերայ եւ թռաւ. եւ սլացաւ քամիի թեւերի վերայ: 11  Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը: 12  Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերը անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան: 13  Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով: 14  Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց: 15  Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. քո բարկութեան հողմի փչելուցը: 16  Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. նա շատ ջրերից հանեց ինձ: 17  Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին: 18  Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար: 19  Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. որովհետեւ հաւանեց ինձ: 20  Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս: 21  Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չ’հեռացայ: 22  Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում: 23  Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը: 24  Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին: 25  Ողորմածի հետ ողորմած ես. եւ անարատի հետ անարատ ես. 26  Իստակի հետ իստակ ես. եւ ծուռի հետ՝ ծուռ: 27  Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես: 28  Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը. 29  Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։ 30  Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար. 31  Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ. 32  Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. եւ իմ ճանապարհն անարատ անում. 33  Նա որ իր ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում. 34  Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն: 35  Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ: 36  Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում: 37  Ես կ’հալածեմ իմ թշնամիները եւ նորանց կ’հասնեմ. եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան: 38  Ես կ’զարկեմ նորանց, որ չ’կարողանան վեր կենալ. նորանք իմ ոտների տակ կ’ընկնեն: 39  Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում: 40  Դու իմ թշնամիներին հալածական ես անում. եւ ես ինձ ատողներին կ’փչացնեմ: 41  Նորանք կանչում են, բայց փրկող չ’կայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում: 42  Ես կ’փշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. դուրս կ’թափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը: 43  Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը. ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ: 44  Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. օտարների որդիքը ինձ շողոքորթեցին: 45  Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստաններիցը: 46  Կենդանի է Տէրը. եւ օրհնեալ է իմ Վէմը. եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը. 47  Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը. 48  Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը: 49  Սորա համար հեթանոսների մէջ կ’գոհանամ քեզանից, ով Տէր. եւ քո անունին սաղմոս կ’ասեմ: 50  Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան:

Ծանոթագրություններ

18։0 Սաղ. 36 վերնագիրը։
18։0 բ Թագ. 22։
18։5 Կամ դժոխքի։
18։8 Կամ՝ բարկութիւնիցը։