Սաղմոս 3։1-8

Դաւիթի Սաղմոս իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս*։ 3  Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. շատերը վեր են կենում ինձ վերայ:  Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չ’կայ Աստուծոյ մօտ: (Սէլա։)  Բայց դու Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը:  Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը: (Սէլա։)  Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ:  Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են:  Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես:  Տիրոջն է փրկութիւնը. քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը: (Սէլա։)

Ծանոթագրություններ

3։0 բ Թագ. 15. 16 17 18։