Սաղմոս 31։1-24

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 31  Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ:  Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. շուտով փրկիր ինձ. ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ:  Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ:  Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. որովհետեւ դու ես իմ զօրութիւնը:  Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած:  Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. բայց ես Տիրոջն եմ յուսացած:  Կ’ցնծամ եւ ուրախ կ’լինեմ քո ողորմութիւնովը. որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.  Եւ ինձ թշնամիի ձեռքը չ’մատնեցիր. բայց իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր:  Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը. 10  Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. իմ զօրւթիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան: 11  Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանավանդ իմ դրացիների առաջին. եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝ 12  Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. կորած ամանի նման եմ դառել: 13  Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. իմ չորս կողմովը ահ կայ. իրար հետ ժողովուելիս ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն: 14  Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը: 15  Իմ ժամանակը քո ձեռքին է. փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը: 16  Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. փրկիր ինձ քո ողորմութիւնովը: 17  Տէր, թող չ’ամաչեմ. որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. թող ամբարիշտներն ամաչեն եւ լռեն գերեզմանումը*. 18  Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով: 19  Քա՜նի մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. մարդկանց որդկանց առաջին: 20  Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. դու թագցնում ես նորանց քո խորանի մէջ լեզուների հակառակութիւնից: 21  Օրհնեալ է Տէրը, որ փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի ամուր քաղաքի մէջ: 22  Իսկ ես իմ շփոթութեան մէջ ասեցի թէ Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի: 23  Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում: 24  Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել:

Ծանոթագրություններ

31։17 Կամ՝ դժոխքումը։