Սաղմոս 34։1-22
Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։
34 Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի:
2 Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն ու ուրախանան:
3 Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը:
4 Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ:
5 Նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. եւ նորանց երեսը չի ամաչիլ:
6 Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան:
7 Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
8 Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան:
9 Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ:
10 Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին:
11 Եկէք, որդիք, լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ:
12 Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար:
13 Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն:
14 Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա:
15 Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ:
16 Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ:
17 Արդարներն աղաղկում են եւ Տէրը լսում է. եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց:
18 Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
19 Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան:
20 Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի:
21 Չարութիւնը ամբարշտին կ’սպանէ, եւ արդարին ատողները կ’դատապարտուին:
22 Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ: