Սաղմոս 44։1-26

Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։ 44  Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջին ժամանակներումը:  Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր:  Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց:  Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար:  Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին:  Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ:  Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին:  Աստուծով կ’պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ’գոհանանք յաւիտեան: (Սէլա։)  Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ: 10  Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար: 11  Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ: 12  Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ’հարստացար նորանց գնովը: 13  Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին: 14  Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ: 15  Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ, 16  Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնմիին եւ վրէժխնդրի երեսիցը: 17  Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չ’մոռացանք, եւ քո ուխտը չը քանդեցինք: 18  Մեր սիրտը ետ չ’դարձաւ, եւ մեր գնացքը չ’ծռուեցաւ քո ճանապարհիցը. 19  Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը: 20  Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած. 21  Չէ՞ որ Աստուած կ’քննէր այս բանը. որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները: 22  Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում: 23  Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. վեր կաց, դէն մի գցիր իսպառ: 24  Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը: 25  Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ: 26  Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար:

Ծանոթագրություններ