Սաղմոս 48։1-14
Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։
48 Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ:
2 Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը:
3 Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն:
4 Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան:
5 Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան:
6 Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդկանի:
7 Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը:
8 Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան: (Սէլա։)
9 Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ:
10 Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. արդարութիւնով լիքն է քո աջը:
11 Թող ուրախ լինի Սիօն սարը. եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը:
12 Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. համարեցէք նորա աշտարակները:
13 Ուշադրութիւն արէք նորա բերդերին. քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.
14 Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ: