Սաղմոս 50։1-23

Ասափի Սաղմոս։ 50  Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը:  Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.  Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ:  Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ:  Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով:  Եւ երկինքը կ’պատմէ նորա արդարութիւնը. որովհետեւ Աստուած դատաւոր է: (Սէլա։)  Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը:  Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են:  Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը: 10  Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները: 11  Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են: 12  Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը: 13  Մի՞թէ ես արջառների միս կ’ուտեմ եւ այծերի արիւն կ’խմեմ: 14  Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը: 15  Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ: 16  Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում: 17  Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում: 18  Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. եւ քո բաժինը շնացողների հետ է: 19  Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում: 20  Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում: 21  Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. բայց կ’յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ’դնեմ: 22  Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցե ես յափշատակեմ, եւ ոչ ոք չ’լինի որ փրկէ: 23  Գոհութիւն պատարագ մատուցողը փառաւորում է ինձ. եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը:

Ծանոթագրություններ