Սաղմոս 51։1-19

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. երբոր Նաթան* մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ 51  Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները:  Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը:  Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է:  Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը:  Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը:  Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ:  Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ:  Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր:  Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր: 10  Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը: 11  Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից: 12  Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ: 13  Ապա անօրէններին կ’սովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կ’դառնան քեզ մօտ: 14  Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. եւ իմ լեզուն կ’փառաբանէ քո արդարութիւնը: 15  Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը: 16  Որովհետեւ դու պատարագ չես ուզում. եթէ ոչ՝ ես կ’տայի քեզ. եւ ողջակէզներին չես հաւանում: 17  Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած: 18  Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր: 19  Այն ժամանակ հաճոյ կ’լինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. այն ժամանակ արջառներ կ’մատուցանեն քո սեղանի վերայ:

Ծանոթագրություններ

51։0 բ Թագ. 12:1։ 11:1–4։