Սաղմոս 55։1-23

Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։ 55  Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը:  Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրմութիւնումը եւ սուգ եմ անում.  Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ:  Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.  Վախ եւ դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ:  Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի:  Ահա կ’փախչէի, կ’հեռանայի, անապատումը կ’կենայի: (Սէլա։)  Կշտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը:  Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը: 10  Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ: 11  Անիրաւութիւն կայ նորա մէջ. եւ խաբերութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը: 12  Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կ’համբերէի. եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կ’թագչէի նորանից: 13  Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը. 14  Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ: 15  Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը: 16  Բայց ես դէպի Աստուած կ’կանչեմ. եւ Տէրը կ’փրկէ ինձ: 17  Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. եւ նա կ’լսէ իմ ձայնը: 18  Նա խաղաղութիւնով կ’փրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են: 19  Աստուած կ’լսէ, եւ կ’նեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում: (Սէլա։) 20  Եւ ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է: 21  Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են: 22  Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը: 23  Եւ դու, ով Աստուած, վայր կ’գցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. բայց ես քեզ եմ յուսացած:

Ծանոթագրություններ