Սաղմոս 62։1-12
Երգողների գլխաւորին։ Իդիթունի* վերայ. Դաւիթի Սաղմոս։
62 Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը:
2 Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ’շարժուիմ:
3 Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ:
4 Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում: (Սէլա։)
5 Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. որովհետեւ նորանից է իմ յոյսը:
6 Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. ես չեմ շարժուիլ:
7 Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է:
8 Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թոթափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է: (Սէլա։)
9 Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են:
10 Մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ:
11 Աստուած մի անգամ խօսեց. ես երկու անգամ լսեցի այս. թէ զօրութիւնն Աստուծուն է:
12 Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կ’տաս նորա գործերի պէս:
Ծանոթագրություններ
^ 62։0 ա Մն. 25:1, 3։