Սաղմոս 69։1-36

Երգողների գլխաւորին. Շօշանիմի* վերայ. Դաւիթի Սաղմոս։ 69  Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան:  Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չ’ունի. ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս:  Յոգնած եմ իմ աղաղակելովը. կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով:  Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ:  Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն:  Թող ինձ համար չ’ամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով Տէր՝ Զօրաց Տէր. թող ինձ համար ամօթ չ’լինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած:  Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. ամօթը ծածկում է իմ երեսը:  Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը:  Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան: 10  Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. եւ նախատինք է լինում ինձ: 11  Ես իմ հանդարձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց: 12  Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել: 13  Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը: 14  Ապրեցրու ինձ ցեխիցը որ չ’թաղուիմ. թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը: 15  Թող ջրերի պտոյտները չ’յափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չ’տայ ինձ. եւ հորն իր բերանը չ’խփէ ինձ վերայ: 16  Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ: 17  Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. շուտով լսիր ինձ: 18  Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. իմ թշնամիների համար ապրեցրու ինձ: 19  Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. իմ ամեն նեղացնողներն քո առաջին են: 20  Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չ’կար. մխիթարիչների՝ բայց չեն գտնում: 21  Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ: 22  Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ. 23  Նորանց աչքերը խաւարուին որ չ’տեսնեն. եւ նորանց մէջքը միշտ դողացրու: 24  Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը , եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ: 25  Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չ’լինի: 26  Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւն են անում: 27  Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չ’հասնեն: 28  Կենաց* գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չ’գրուին: 29  Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ: 30  Ես կ’գովեմ Աստուծոյ անունը երգով. եւ կ’փառաբանեմ նորան գովաբանութիւնով: 31  Եւ այս աւելի հաճոյ կ’լինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը: 32  Խեղճերը կ’տեսնեն՝ կ’ուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ: 33  Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում: 34  Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները: 35  Որովհետեւ Տէրը կ’փրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կ’շինէ. եւ կ’բնակուեն այնտեղ եւ կ’ժառանգեն նորան: 36  Եւ ծառաների զաւակները կ’վայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կ’բնակուեն նորանում:

Ծանոթագրություններ

69։0 Սաղ. 45. վերանագիրը։
69։28 Կամ՝ կենդանեաց։