Սաղմոս 73։1-28

Ասափի Սաղմոս։* 73  Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար:  Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.  Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս:  Որովհետեւ նորանք ցաւ չ’ունին մինչեւ իրանց մահը. եւ նորանց մարմինը փափուկ է:  Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում:  Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց:  Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում:  Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում:  Իրանց բերանը երկնքումն են դնում. բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս: 10  Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար: 11  Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ: 12  Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը: 13  Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում: 14  Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ: 15  Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կ’խօսիմ. ահա քո որդկանց ազգին նենգութիւն կ’անէի: 16  Եւ ես միտք արի որ իմանամ այս. սակայն դժուար էր իմ աչքերի առաջին. 17  Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ: 18  Իրաւ որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց: 19  Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով: 20  Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. այնպէս դու, Տէր, զարթնելիս կ’անարգես նորանց պատկերը: 21  Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ. 22  Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չ’իմացայ.ինչպէս անասուն եղայ քո առաջին: 23  Բայց միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր: 24  Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ: 25  Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ: 26  Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է: 27  Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կ’կորչեն. դու կ’սատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին: 28  Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ:

Ծանոթագրություններ

73։0 Սաղ. 50. վերնագիրը։