Սաղմոս 74։1-23

Ասափի Երգ։ 74  Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ:  Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես:  Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը:  Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում:  Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ:  Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով:  Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը:  Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ:  Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չ’կայ. եւ մեզ մօտ մէկ գիտացող չ’կայ. մինչեւ ե՞րբ: 10  Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը: 11  Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. հանիր ծոցիցդ, կորցրու նորանց: 12  Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ: 13  Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ: 14  Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը: 15  Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. դու սաստիկ գետեր ցամաքեցրիր: 16  Քոնն է ցերերկը եւ քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը: 17  Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը: 18  Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. եւ յիմար ազգը անարգում է քո անունը: 19  Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ: 20  Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են: 21  Թող խեղճը ետ չ’դառնայ ամօթով. թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը: 22  Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում: 23  Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է:

Ծանոթագրություններ