Սաղմոս 76։1-12

Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի Սաղմոս. երգ։ 76  Աստուած յայտնի է Յուդայի մէջ. նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ:  Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ:  Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը: (Սէլա։)  Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը:  Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը չ’գտան իրանց ձեռքերը:  Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը:  Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կ’կանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին:  Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,  Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ: (Սէլա։) 10  Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կ’դառնայ. աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կ’կապես: 11  Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին: 12  Որ նա կոտրում է իշխանների հոգին. եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ:

Ծանոթագրություններ