Սաղմոս 78։1-72

Ասափի Երգ։* 78  Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը:  Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը:  Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ:  Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ:  Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը:  Որպէս զի իմանայ նորա սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն:  Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն:  Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ:  Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը: 10  Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը: 11  Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց: 12  Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը: 13  Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց: 14  Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով: 15  Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ: 16  Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս: 17  Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը: 18  Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար: 19  Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը: 20  Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. մի՞թէ հաց էլ կարող է տալ. մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար: 21  Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կարակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ. 22  Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը: 23  Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ: 24  Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. եւ երկնքի ցորենը տուաւ նորանց: 25  Մարդ՝ հրեշտակների* հաց կերաւ. նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով: 26  Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին: 27  Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ: 28  Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը: 29  Եւ կերան եւ խիստ կշտացան. եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց: 30  Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր, 31  Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին: 32  Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին: 33  Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. եւ նորանց տարիները՝ ահ ու վախով: 34  Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում: 35  Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է: 36  Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան: 37  Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը: 38  Բայց նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը: 39  Նա յիշում էր որ նորանք մարմին են, քանի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում: 40  Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը: 41  Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին: 42  Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը: 43  Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը: 44  Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել: 45  Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց: 46  Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին: 47  Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով: 48  Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին: 49  Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութին՝ չար հրեշտակներ ուղարկելով: 50  Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին: 51  Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը: 52  Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը: 53  Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին: 54  Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ: 55  Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը: 56  Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները: 57  Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս: 58  Եւ նորան բարկացրին իրանց բարձարաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան: 59  Աստուած լսեց եւ շատ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին: 60  Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ: 61  Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը: 62  Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ: 63  Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին: 64  Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել: 65  Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում* է: 66  Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. յաւիտեան. նախատինք արաւ նորանց: 67  Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց: 68  Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց: 69  Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան: 70  Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը: 71  Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կռավարէ: 72  Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց:

Ծանոթագրություններ

78։0 Սաղ. 74. վերնագիրը։
78։25 Կամ՝ զօրաւորների։
78։65 Կամ՝ սթափում։