Սաղմոս 88։1-18
Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. Եզրահեցի Եմանի* երգ։
88 Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ:
2 Թող իմ աղօթքը քո առաջը գայ. խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը:
3 Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին*:
4 Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չ’ունի:
5 Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորաց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը:
6 Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ:
7 Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ: (Սելա։)
8 Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս:
9 Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ:
10 Մի՞թէ մեռելների վերայ եմ հրաշք անելու. մի՞թէ մահացածները վեր կը կենան եւ քեզանից կ’գոհանան:
11 Մի՞թէ գերեզմանումը կ’պատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ:
12 Մի՞թէ խաւարի մէջ կ’ճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը:
13 Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ:
14 Տէր, ինչո՞ւ ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից:
15 Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է:
16 Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ:
17 Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ:
18 Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. իմ ճանաչները խաւարի մէջ են: