Սաղմոս 89։1-52

Եզրահեցի Եթանի* Երգ։ 89  Յաւիտեան կ’օրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կ’պատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը:  Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը:  Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար:  Մինչեւ յաւիտեան կ’հաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կ’հիմնեմ քո աթոռը: (Սէլա։)  Եւ երկինքը կ’փառաւորեն քո հրաշքները, Տէր. եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը:  Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը:  Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ:  Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր Տէր. եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է:  Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց: 10  Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին: 11  Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը: 12  Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը: 13  Քո է ուժեղ բազուկը. քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր: 14  Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից. 15  Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կ’գնան: 16  Քո անունովն ամեն օր կ’ցնծան, եւ քո արդարութիւնովը կ’բարձրանան: 17  Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. եւ քո հաճութիւնովը կ’բարձրանայ մեր եղջիւրը: 18  Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը: 19  Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը: 20  Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան. 21  Որ իմ ձեռքը կ’հաստատէ նորան, եւ բազուկս կ’զօրացնէ նորան։ 22  Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան: 23  Բայց ես կ’փշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կը զարկեմ նորա ատողներին: 24  Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կ’լինի, եւ իմ անունովը կ’բարձրանայ նորա եղջիւրը: 25  Եւ նորա ձեռքը կ’դնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ: 26  Նա դէպի ինձ կ’կանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ: 27  Եւ ես առաջինեկ կ’դնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած. 28  Յաւիտեան կ’պահեմ նորա համար իմ ողորմութիւնը. եւ իմ ուխտը հաւատարիմ կ’լինի նորա հետ: 29  Եւ ես յաւիտեան կ’հաստատեմ նորա զաւակին. եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը: 30  Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չ’գնան, 31  Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չ’պահեն. 32  Ապա գաւազանով կ’պատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը: 33  Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ: 34  Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ: 35  Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին: 36  Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին: 37  Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ: (Սէլա։) 38  Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ: 39  Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր: 40  Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր: 41  Բոլոր ճանապարհով անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին: 42  Նորա նեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. նորա ամեն թշնամիներին ուրախացրիր: 43  Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չ’հաստատեցիր նորան: 44  Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր: 45  Նորա երիտասարդութեան օրերը կարճացրիր, ամօթով ծածկեցիր նորան: (Սէլա։) 46  Տէր, մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կ’բորբոքուի՞: 47  Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը: 48  Ո՜վ է այն մարդը, որ ապրի եւ մահ չ’տեսնէ. եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ: (Սէլա։) 49  Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը: 50  Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը: 51  Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը: 52  Օրհնեալ է Տէրը յաւիտեան: Ամէն եւ ամէն:

Ծանոթագրություններ

89։0 գ Թագ. 4:31։ ա Մն. 2:6։