Սաղմոս 91։1-16

91  Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում:  Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ:  Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը:  Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս. նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ:  Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. այն նետիցը որ թռչում է ցերեկը:  Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը:  Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ:  Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես:  Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր. 10  Քեզ չար բան չի հասնիլ. եւ նեղութին չի մօտենալ քո բնակարանին: 11  Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը: 12  Նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես: 13  Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս: 14  Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը: 15  Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կը լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան: 16  Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան:

Ծանոթագրություններ