Սաղմոս 94։1-23

94  Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր:  Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին:  Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կը պարծենան:  Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են:  Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. եւ նեղացնում են քո ժառանգութիւնը:  Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. եւ որբերին կոտորում են.  Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում:  Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կ’հասկնաք:  Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ: 10  Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում: 11  Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են: 12  Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան. 13  Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար: 14  Որովհետեւ Տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը: 15  Որ դաստաստանը դէպի արդարութիւն դառնայ. եւ նորա ետեւից կ’գնան բոլոր սրտով ուղիղները: 16  Ո՞վ վեր կ’կենայ ինձ հետ չարերի դէմ. ո՞վ ինձ հետ կ’կանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում: 17  Եթէ Տէրն օգնութիւն չ’լինէր ինձ, քիչ կ’մնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր: 18  Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ: 19  Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ: 20  Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ: 21  Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում: 22  Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը: 23  Եւ նա նորանց կ’հատուցանէ իրանց անօրէնութեան պէս. եւ իրանց չարութիւնովը կ’ջնջէ նորանց. մեր Տէր Աստուածը կ’ջնջէ նորանց:

Ծանոթագրություններ