Տիտոս 1։1-16

1  Պողոս Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ աստուածապաշտական ճշմարտութեան գիտութեան համեմատ,  Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.  Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ ինձ հաւատացուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ.  Տիտոս՝ սիրելի որդուս, մեր հասարակաց հաւատքի համեմատ, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը:  Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.  Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն:  Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող:  Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.  Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ: 10  Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են: 11  Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով: 12  Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մրգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր: 13  Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը. 14  Եւ մտիկ չ’տան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են: 15  Ամեն բան սուրբ է սուրբերին. Բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները: 16  Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան:

Ծանոթագրություններ