Փիլիպպեցիներ 3։1-21

3  Այսուհետեւ, իմ եղբարք, ուրախ եղէք Տէրումը, մի եւ նոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է:  Զգոյշ կացէք շներիցը. զգոյշ կացէք չար մշակներիցը. զգոյշ կացէք կրճատութիւնիցը:  Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք:  Թէ եւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես:  Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի,  Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի:  Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար:  Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ,  Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով. 10  Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով. 11  Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ: 12  Ոչ իբր արդէն բռնած լինեմ, կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ: 13  Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում: 14  Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը: 15  Արդ որոնքս կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կ’յայտնէ ձեզ: 16  Միայն թէ ինչի որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք: 17  Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին ինչպէս մեզ օրինակ ունիք: 18  Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են. 19  Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում: 20  Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. 21  Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան:

Ծանոթագրություններ