Օսեե 1։1-11

1  Տիրոջ խօսքը, որ եղաւ Բէերիի որդի Ովսէէին Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի օրերումը։  Սկզբումը Տէրը Ովսէէի հետ խօսելով՝ Տէրը ասեց Ովսէէին. Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. որովհետեւ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով։  Եւ նա գնաց եւ առաւ Դաբելայիմի աղջիկ Գոմերին. եւ նա յղացաւ եւ նորա համար մի որդի ծնեց։  Եւ Տէրն ասեց նորան. Նորա անունը դիր Յեզրայէլ, որովհետեւ քիչ ժամանակից յետոյ պիտի պահանջեմ Յեզրայէլի արիւնները Յէուի տանիցը, եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։  Եւ այն օրը կ’լինի, որ կ’կոտորեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտումը։  Եւ նա դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ։ Եւ նա ասեց նորան. Դորա անունը Լօ–րուհամա* դիր, որովհետեւ այլ եւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ։  Բայց Յուդայի տանը ողորմելու եմ, եւ նորանց պէտք է փրկեմ իրանց Տէր Աստուծովը, եւ նորանց չեմ փրկել աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով։  Եւ նա կաթից կտրեց Լօ–րուհամային, եւ յղացաւ ու ծնեց մի տղայ.  Եւ նա ասեց նորան. Դորա անունը դիր Լօ–ամմի*, որովհետեւ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես էլ ձեզ Աստուած չեմ լինիլ։ 10  Եւ Իսրայէլի որդկանց թիւը ծովի աւազիպէս պիտի լինի որ չի չափուիլ եւ չի համարուիլ. եւ պիտի լինի որ՝ այնտեղ որ նորանց ասուեցաւ՝ Դուք իմ ժողովուրդը չէք, նորանց պիտի ասուի՝ Կենդանի Աստուծոյ որդիք։ 11  Եւ Յուդայի որդիքն ու Իսրայէլի որդիքը պիտի ժողովուին մէկտեղ, եւ իրանց վերայ մէկ իշխան դնեն եւ վեր գնան երկրիցը, որովհետեւ մեծ է Յեզրայէլի օրը։

Ծանոթագրություններ

1։6 Այսինքն՝ չողորմեալ։
1։9 Այսինքն՝ ոչ իմ ժողովուրդ։